Անցնել հիմնական բովանդակությանը

Իզմիրլյանների ժառանգությունը

Նպաստել ազգի պահպանմանը

Երեխաները միասին խաղում են բացօթյա

  1990

Հիմնադրվել է

  35+

Տարիներ՝ Հայաստանի կողքին

  300K+

Շահառու

  220K+

Շահառու ամեն տարի առողջապահական ծրագրերով

  18K+

Շահառու ամեն տարի կրթական ծրագրերով

  20K

Արհեստական բանականության ոլորտում վերապատրաստվածներ

«Իզմիրլյան» հիմնադրամը 1990 թվականին հիմնել է Դիկրան Իզմիրլյանը՝ ի պատիվ իր ծնողների՝ Սարկիս և Մարի Իզմիրլյանների, ինչպես նաև այն հայկական ժառանգության, որով ձևավորվել է նրանց ընտանիքի ինքնությունը։ Հիմնադրամն ունեցել է պարզ, բայց հարատև նպատակ՝ «նպաստել ազգի պահպանմանը»։

Հայկական արմատներ

Դիկրանի հայրը՝ Սարկիս Ավետիս Իզմիրլյանը, ծնվել է 1880 թվականին Կայսերիում՝ հայերին պատմականորեն հայտնի որպես Կեսարիա։ Հայ ընտանիքների նկատմամբ հալածանքների ուժգնացման պայմաններում նա 18 տարեկանում մեկնել է Կահիրե՝ հարազատների մոտ ապրելու։ Դրանից հետո նա այլևս երբեք չի տեսել իր ծնողներին։

Եգիպտոսում մի քանի տարի ապրելուց հետո Սարկիսը, նոր հնարավորություններ փնտրելով, տեղափոխվել է Սուդան։ Խարթումում նա պատահաբար հանդիպել է մի հայ վաճառականի, որն աջակցել է իրեն՝ օգնելով առաջին քայլերը կատարել գործարարության մեջ։ Գործունեությունը սկսելով փոքրածավալ առևտրից՝ Սարկիսն աստիճանաբար հիմնել է հաջողակ ձեռնարկություն, որն ընդգրկում էր առևտուրը, գյուղատնտեսությունը, արտահանումն ու արդյունաբերությունը։

Համերաշխության այդ վաղ դրսևորումը մնաց նրա հետ և դարձավ ընտանիքում փոխանցվող դաս. հայերը պարտավորություն ունեն աջակցելու միմյանց՝ ուր էլ որ հանգամանքները նրանց տանեն։

Դիկրանի մայրը՝ Մարի Քյուրքջյանը, ծնվել է մոտ 1890 թվականին Արաբկիրում։ Կոստանդնուպոլսի Ռոբերտ քոլեջում կրթությունն ավարտելուց հետո նա միացավ իր ընտանիքին Սուդանում։ Նա և Սարկիսն ամուսնացել են Խարթումում 1914 թվականին և ունեցել հինգ երեխա, որոնք կրթություն են ստացել արտերկրում։ Թեև ընտանիքի անդամներն ավելի ու ավելի հաճախ էին ապրում և սովորում տարբեր երկրներում, ընտանիքը պահպանեց ամուր հայկական ինքնություն և անխզելի կապ իր ժառանգության հետ։

Սահմաններից անդին վերակառուցված ընտանիք

1966 թվականին Սարկիսի մահից և 1969 թվականին Սուդանում ընտանիքի ձեռնարկությունների ազգայնացումից հետո Դիկրանը տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ վերսկսեց իր գործունեությունը և հիմնեց սեփական բիզնեսը։ Մարին ավելի ուշ տեղափոխվել է Ֆրանսիա և մահացել այնտեղ 1974 թվականին։

Ընտանիքի պատմությունը անցել է տեղահանության, նոր պայմաններին հարմարվելու և ձեռնարկատիրական գործունեության տարբեր փուլերով։ Նույնքան կարևոր են եղել հայերի փոխադարձ աջակցությունն ու այն համոզմունքը, որ հաջողությունը նաև ուրիշներին օգնելու պատասխանատվություն է ենթադրում։

Հիշելով իր ծնողների կյանքի ուղին և սեփական փորձը՝ Դիկրան Իզմիրլյանը հաճախ առանձնացնում էր երկու սկզբունք, որոնք ձևավորել էին հայկական ինքնության նրա ընկալումը.

  • Առաջին՝ հայերն օգնում են միմյանց, որտեղ էլ որ գտնվեն։
  • Երկրորդ՝ թեև հայերը կարող են ցրված լինել աշխարհով մեկ, նրանց կապը Հայաստանի հետ հարատև է՝ իր հետ բերելով նրա ապագայում ներդրում ունենալու պատասխանատվություն։

Ժառանգությունից դեպի նպատակ

1990 թվականին Դիկրանն այս սկզբունքները կյանքի կոչեց՝ ի պատիվ իր ծնողների հիմնելով «Իզմիրլյան» հիմնադրամը։

Հիմնադրամի «նպաստել ազգի պահպանմանը» առաքելությունն արտացոլում էր Դիկրանի համոզմունքը, որ հայկական ինքնությունը միայն պատմական հիշողությունն ու ժառանգությունը չեն։ Այն նաև պատասխանատվությունն է՝ զորացնելու Հայաստանը, աջակցելու նրա ժողովրդին և նպաստելու երկրի երկարաժամկետ զարգացմանը։

Այս սկզբունքներն ուղղորդել են Հիմնադրամին դրա հիմնադրման օրվանից։ Առողջապահության, կրթության, սոցիալական բարեկեցության, տնտեսական զարգացման, նորարարության և հայկական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունների միջոցով Հիմնադրամը ձգտել է պատասխանատվության ժառանգված զգացումը վերածել իմաստալից և տևական ծառայության։

Շարունակվող ժառանգություն

Այսօր Իզմիրլյանների ընտանիքի նոր սերունդը շարունակում է այս ժառանգությունը և իր հանձնառությունը Հայաստանի հանդեպ։

Հիմնադրամը ղեկավարում է Սարկիս Դիկրան Իզմիրլյանը, ով նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ (Սարկիս Դիկրան Իզմիրլյանը միջազգային ներդրող է՝ բազմաբնույթ ներդրումային ծրագրերի կառավարման ոլորտում ավելի քան երեք տասնամյակի փորձով ԱՄՆ-ում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Կարիբյան տարածաշրջանում, Աֆրիկայում, Ասիայում և Ավստրալասիայում։Նրա գործունեությունը ներառում է անշարժ գույքի զարգացման, ապրանքների առևտրի և վերամշակման, գյուղատնտեսական սարքավորումների արտադրության, տեխնոլոգիաների և ֆինանսական ծառայությունների ոլորտները։Պարոն Իզմիրլյանը հանդիսանում է մի շարք ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեն՝ անձամբ ղեկավարելով ներդրումային ռազմավարությունների մշակումը և իրականացումը։ Նրա նախագծերից են՝ գյուղատնտեսական հողեր Արգենտինայում և Արևելյան Եվրոպայում, առևտրի կենտրոններ և արդյունաբերական կենտրոններ ԱՄՆ-ում, More London գրասենյակային համալիրը, Hilton London Tower Bridge հյուրանոցը, Baha Mar-ը Բահամյան կղզիներում, AREV նախագիծը Սեն Տրոպեում։Ներկայումս նա կենտրոնացած է Մայամիի Wynwood թաղամասում խոշոր բազմաֆունկցիոնալ նախագծերի և Հայաստանում գյուղատնտեսական նախաձեռնությունների զարգացման վրա։Բարեգործական և կրթական գործունեության շրջանակում նա հանդիսանում է մի շարք ոչ առևտրային կազմակերպությունների խորհրդի անդամ և «Իզմիրլյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նա նաև Ջորջթաունի համալսարանի Մաքդոնաֆի բիզնես դպրոցի խորհրդի անդամ է և Թաֆթ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ։Պարոն Իզմիրլյանը ստացել է ֆինանսների և միջազգային բիզնեսի բակալավրի աստիճան Ջորջթաունի համալսարանում և արժանացել Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։)

Խարթումում մի հայի՝ մյուսին մեկնած օգնության ձեռքը սկիզբ դրեց հայ ժողովրդի հանդեպ սերնդեսերունդ փոխանցվող հանձնառությանը։ «Իզմիրլյան» հիմնադրամի միջոցով այս հանձնառությունը շարունակվում է՝ Հայաստանի մարդկանց, ժողովրդի, ինստիտուտների և երկարաժամկետ ապագայի մեջ ներդրումների տեսքով՝ նպատակ ունենալով կառուցել բարգավաճ ու խաղաղ երկիր:

Ժամանակագրություն

  1. 1990

    Հիմնադրվում է «Իզմիրլյան» հիմնադրամը

    Հիմնադրամը ստեղծվում է՝ երկարաժամկետ հանձնառությամբ աջակցելու Հայաստանին և նրա ժողովրդին։

    Իմանալ ավելին
  2. 1991

    Անկախ Հայաստանի կողքին

    Հայաստանի անկախացումից հետո հիմնադրամն ընդլայնում է իր աջակցությունը՝ արձագանքելով երկրի նոր կարիքներին։

    Իմանալ ավելին
  3. 1996– 2003

    Աջակցություն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանին

    Հիմնադրամն աջակցում է ռազմական համալսարանի զարգացմանը և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը:

    Իմանալ ավելին
  4. 1997

    Նոր էջ ԵՊՀ գրադարանի պատմության մեջ

    Հիմնադրամն աջակցում է Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան ԵՊՀ գիտական գրադարանի վերանորոգմանն ու արդիականացմանը։

    Իմանալ ավելին
  5. 1998– 2023

    Ավելի քան երկու տասնամյակ աջակցություն Արցախին

    25 տարի շարունակ հիմնադրամն աջակցել է Արցախում սոցիալական, մարդասիրական, առողջապահական, կրթական և համայնքային նախաձեռնություններին։

    Իմանալ ավելին
  6. 2000– 2011

    Զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին

    Հիմնադրամը շարունակական աջակցություն է ցուցաբերել վիրավոր զինծառայողներին և զինծառայողների ընտանիքներին։

    Իմանալ ավելին
  7. 2001– 2015

    Տնտեսական հնարավորությունների ընդլայնում միկրոֆինանսավորման միջոցով

    Միկրոֆինանսավորման ծրագրերն ընդլայնում են ֆինանսավորման հասանելիությունը և նպաստում տնտեսական նոր հնարավորությունների ստեղծմանը Հայաստանում։

    Իմանալ ավելին
  8. 2003– առ այսօր

    Երկարաժամկետ աջակցություն Մեղրիին

    Հիմնադրամն աջակցում է Մեղրիի և նրա համայնքների կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։

    Իմանալ ավելին
  9. 2013

    Բացվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնը

    Կենտրոնն ընդլայնում է ժամանակակից և բարձրորակ առողջապահական ծառայությունների հասանելիությունը Հայաստանում։

    Իմանալ ավելին
  10. 2013– առ այսօր

    Աջակցություն Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

    Հիմնադրամն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի որակի, ծառայությունների և զարգացման հնարավորությունների բարելավմանը։

    Իմանալ ավելին
  11. 2017– առ այսօր

    Առողջապահական աջակցություն հայրենադարձ հայերին

    Հիմնադրամն օգնում է հայրենադարձ հայերին ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն Հայաստանում։

    Իմանալ ավելին
  12. 2019– առ այսօր

    Աջակցություն հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին

    Հիմնադրամն աջակցում է ծառայությունների, որոնք նպաստում են երեխաների զարգացմանը, ներառմանը և ինքնուրույնությանը։

    Իմանալ ավելին
  13. 2020– 2021

    Արձագանք COVID-19 ճգնաժամին

    Հիմնադրամը համախմբել է անհրաժեշտ աջակցություն՝ համավարակի ընթացքում առողջապահական և սոցիալական հրատապ կարիքներին արձագանքելու համար։

    Իմանալ ավելին
  14. 2021– առ այսօր

    Աջակցություն Արցախից տեղահանված ընտանիքներին

    Մարդասիրական, սոցիալական և առողջապահական ծրագրերն օգնում են տեղահանված ընտանիքներին հոգալ առաջնային կարիքները և վերակառուցել իրենց կյանքը։

    Իմանալ ավելին
  15. 2022– առ այսօր

    Որակյալ կրթության հասանելիության ընդլայնում

    Հիմնադրամն աջակցում է սահմանամերձ համայնքների և Արցախից տեղահանված երեխաների որակյալ ուսուցման հնարավորություններին։

    Իմանալ ավելին
  16. 2023– առ այսօր

    Ուղի դեպի ինքնուրույն կյանք

    Համայնքային փոքր խմբային տները նպաստում են ինստիտուցիոնալ խնամքից ինքնուրույն կյանքի անցնելուն։

    Իմանալ ավելին
  17. 2023– առ այսօր

    Հայերենը՝ ուժեղ փոփոխվող աշխարհում

    Հիմնադրամն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ամրապնդում են հայերենը թվային և տեխնոլոգիական դարաշրջանում։

    Իմանալ ավելին
  18. 2025– առ այսօր

    Ավելի անվտանգ թվային աշխարհ երեխաների համար

    Հիմնադրամն աջակցում է երեխաների համար առավել անվտանգ առցանց միջավայրի ձևավորմանը՝ համապատասխան քաղաքականությունների մշակման, կրթության, իրազեկման և աջակցության մեխանիզմների միջոցով։

    Իմանալ ավելին
  19. 2025– առ այսօր

    Արհեստական բանականության դարաշրջանին ընդառաջ

    Հիմնադրամն աջակցում է ԱԲ նորարարությանը, ԱԲ գրագիտությանը և զարգացող տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի կարողություններն ամրապնդող նախաձեռնություններին։

    Իմանալ ավելին