Անցնել հիմնական բովանդակությանը

Տիկին Նելլիի ցավալի ճանապարհը և նրա բուժիչ բարությունը

Տիկին Նելլիի ցավալի ճանապարհը և նրա բուժիչ բարությունը
Տիկին Նելլիի ցավալի ճանապարհը և նրա բուժիչ բարությունը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության վրա հարձակման ընթացքում շատ մարդիկ ստիպված էին երկար ժամանակ անցկացնել ռումբապաստարաններում։ Ստեփանակերտի բնակչուհի Նելլի Ծատուրյանը ծնկի սուր ցավի պատճառով մնաց տանը՝ ամուսնու՝ Սերգեյ Ծատուրյանի հետ։

Բռնի տեղահանման տանջալի եռօրյա ճանապարհը հաղթահարելուց հետո Նելլի Ծատուրյանը դարձավ Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսավորած՝ Արցախից բռնի տեղահանվածներին առողջապահական աջակցության ծրագրի շահառուներից մեկը։ Հաջող վիրահատությունից ամիսներ անց նա մեծ մասամբ մոռացել է անտանելի ֆիզիկական ցավը, բայց Արցախում թողած տան կորստի ցավը դժվար թե նույն ձևով մեղմվի։

Mediamax-ը զրուցեց Նելլի Ծատուրյանի հետ իր ականատես եղած պատերազմների, շրջափակման, տեղահանության դժվարությունների, ընթացիկ բուժումների և այստեղ սեփական տեղ գտնելու աղոտ հույսի մասին։

Աչքերում արտացոլված տառապանքը

«Երեխաներս ու թոռներս նկուղում էին, իսկ ամուսինս ինձ հետ տանը մնաց։ Ես չէի կարողանում նստել, իսկ նկուղում պառկելու տեղ չկար։ Սարսափելի ցավերի մեջ էի»,— հիշում է տիկին Նելլին Ստեփանակերտի ռմբակոծության օրերը։

Շրջափակման ընթացքում նա արդեն թույլտվություն էր ստացել Կարմիր խաչի մեքենայով Երևան մեկնելու՝ վիրահատության համար, սակայն վարանում էր օգտվել այդ հնարավորությունից։ Իսկ եթե չկարողանա՞ վերադառնալ և ստիպված լինի ամուսնուն ու որդիներին մենակ թողնել։

Առողջական խնդիրների հետ մեկտեղ բռնի տեղահանման տանջալի ճանապարհն անցնելը սարսափելի փորձություն էր։ Նա ստիպված էր մնալ մեքենայի մեջ՝ մտածելով ոչ թե սեփական վիճակի, այլ թոռների անվտանգության մասին։

Երևան հասնելուն պես Նելլին օգնության համար դիմեց Բժշկական կենտրոն Երևանում, որտեղ տարիներ առաջ մյուս ոտքի ծնկի էնդոպրոթեզավորման վիրահատություն էր տարել։

«Պրոֆեսոր Արմեն Չարչյանն իրականացրեց իմ նախորդ վիրահատությունը, և ես չափազանց գոհ էի արդյունքից, ուստի ընտրեցի կրկին դիմել նրա մասնագիտությանը»,- նշում է տիկին Նելլին։

Նա հիշում է, որ բժշկի աշխատասենյակ մտնելիս տեղյակ չէր Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսավորած ծրագրի մասին։ Նա խոստովանում է, որ ամեն ինչ կորցնելուց հետո սեփական ֆինանսական միջոցներով առողջությունը վերականգնելն անհնար կլիներ։

«Արմեն Գերասիմն ինձ հիշեց նախորդ վիրահատությունից և հիշեց, որ ես Ստեփանակերտից եմ։ Նա մեծ վշտով ասաց, որ խորապես ցավում է։ Ես կարողացա նկատել նրա աչքերում արտացոլված անչափ ցավը, որը ոչնչով չէր տարբերվում իմ կամ Արցախի մյուս մարդկանց ցավից»,— պատմում է տիկին Նելլին։

Անցյալ տարվա նոյեմբերի 3-ին կատարված վիրահատությունից հետո տիկին Նելլին արդեն լիովին վերականգնվել է։ Նա հեշտությամբ քայլում է և վստահ է, որ շուտով կկարողանա նաև վազել։

«Մեզ ամբողջ ընթացքում ստում էին»

Ծնվելով և կրթություն ստանալով Բաքվում՝ Նելլի Ծատուրյանն ամուսնությունից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ։ Արցախը նաև Նելլիի ծնողների ծննդավայրն է։ Իր շատ հասակակիցների նման՝ նա վերջին 30 տարում ականատես է եղել չորս պատերազմի։

«Մենք ապրում էինք այն հույսով, որ ամեն ինչ լավ կստացվի։ Մենք քրտնաջան աշխատեցինք և բարեկեցիկ կյանք կառուցեցինք, միայն թե ոչնչով մնացինք»,- ասում է նա։ «Սրտամաշ իրականությունն այն է, որ մեզ ուղղակի ամբողջ ընթացքում ստում էին»։

2020 թվականի պատերազմից հետո տիկին Նելլին վարանում էր վերադառնալ Արցախ և հերթական հակամարտության միջով անցնելու հեռանկարի առջև կանգնել, սակայն ամուսինը պնդում էր տուն վերադառնալ։ Խաղաղապահների ներկայությունը հույս էր տալիս շատերին, քանի որ ոչ ոք չէր ենթադրում, որ նրանց ներկայությանը հակառակ՝ խաղաղ բնակչությունն անպաշտպան կմնա։

«Ճանապարհը իսկական դժոխք էր»

Նրանք մտադիր էին մեկնել սեպտեմբերի 26-ի առավոտյան, սակայն Նելլիի ամուսնու՝ Սերգեյի առողջական վիճակը հանկարծակի կտրուկ վատթարացավ, երբ նա սրտի կաթված ստացավ։ Նա նախնական բուժում ստացավ Ստեփանակերտի հիվանդանոցում։ Հենց այդ օրը տեղի ունեցավ սարսափելի պայթյունը, որն էլ ավելի սրեց Սերգեյի առողջական վիճակը, երբ նա լսեց լուրը և ականատես եղավ վիրավորներին։

Նրանք ճանապարհ ընկան երեկոյան՝ հույսով, որ ճանապարհը կանցնեն կարճ ժամանակում, և Սերգեյը շուտով նորից կլինի բժիշկների հսկողության ներքո։

«Ճանապարհը մղձավանջ էր։ Տանը ուտելիք չկար, որ ճանապարհին վերցնեինք։ Երբ մոտենում էինք Հակարիի կամրջին, մեր կողքով անցնում էին հայաստանյան ավտոբուսներ, որոնք գնում էին Ստեփանակերտ՝ այնտեղից մարդկանց տեղափոխելու։ Նրանք բարությամբ մեզ ջուր և քաղցրավենիք տվեցին։ Երեխաներն անչափ ուրախացան։ Պետք է տեսնեիք, թե ինչպես էին ուտում այդ թխվածքաբլիթները»,— հիշում է տիկին Նելլին՝ չկարողանալով զսպել արցունքները։

Սահմանը հատելուն պես ընտանիքը դիմավորվեց մեծ ջերմությամբ։ Նրանց առաջին խնդրանքը Սերգեյի համար բժշկական օգնություն ստանալն էր։ Նա անմիջապես զննվեց, և նրան դեղորայք տրամադրվեց։ Ուշ ժամի և հյուրանոցներում ազատ սենյակների բացակայության պատճառով նրանց սիրահոժար հյուրընկալեց գորիսեցի մի ընտանիք։ Տիկին Նելլին խորին երախտագիտությամբ է հիշում նրանց բարությունը։

«Բոլորովին անծանոթ մարդիկ մեզ դիմավորեցին այնպիսի ջերմությամբ։ Նրանք հավաքվեցին սենյակներից մեկում, իսկ մեզ տեղավորեցին ամենամեծ սենյակում, որպեսզի կարողանանք հանգստանալ ու թարմանալ։ Երբեք չեմ մոռանա նրանց դեմքերը։ Նրանք շատ բան չունեին, ապրում էին համեստ կյանքով, բայց նրանց հոգիներն աներևակայելի անկեղծ ու մաքուր էին»,— ջերմությամբ հիշում է Նելլին։

Առողջությունը վտանգի տակ

Երևան ժամանելուն պես Նելլիի ամուսնու սրտում չորս ստենտ է տեղադրվել։ Ներկայումս Նելլին և Սերգեյը պայքարում են առողջական այլ խնդիրների հետ։

«Թվում է՝ մենք բնակություն ենք հաստատել հիվանդանոցներում։ Երևի ծանր սթրեսն է առաջացրել այսքան առողջական խնդիրներ»,— խորհրդածում է տիկին Նելլին։

Ներկայումս նրանք ապրում են վարձակալած բնակարանում։ Նելլիի որդիները դեռ աշխատանք չեն գտել. նրանք ապրուստը վաստակում են տաքսի վարելով, իսկ Նելլիի և նրա ամուսնու առողջական վիճակն այլևս թույլ չի տալիս աշխատել։

Ինն ամսվա շրջափակումը և տանջալի ճանապարհը առողջական խնդիրներ են առաջացրել Արցախի բազմաթիվ մարդկանց մոտ։ Ըստ Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսավորած աջակցության ծրագրի համակարգող Նորա Ալեքչյանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ից Արցախից բռնի տեղահանված շատ քաղաքացիներ բժշկական օգնություն են ստանում։

«Նրանց մի մասը վիրահատվել է, մյուսներն անցել են ամբուլատոր հետազոտություններ։ Արցախից բռնի տեղահանվածները մեզ են դիմում առողջական տարբեր խնդիրներով՝ հոդերի մաշվածություն, վահանաձև գեղձի խնդիրներ, շաքարային դիաբետ և այլն»,— նշում է նա։

Բարության շողերը

Տիկին Նելլին հուզմունքով է հիշում Իզմիրլյան բժշկական կենտրոնի և այն մյուս հիվանդանոցների ջերմ մթնոլորտը, որտեղ ինքն ու ամուսինը բուժում են ստացել։ Այս դժվարին ու մութ ժամանակներում իսկական բարության դրսևորումներն ամենավառն են փայլում։

«Երբ մենք առաջին անգամ ժամանեցինք, ամուսինս ընդունվեց Նորք Մարաշի սրտաբանական կենտրոն, որտեղ Քրիստինե Կարապետյանը և նրա թիմն իսկապես փրկեցին նրա կյանքը։ Մալայանի ակնաբուժական կենտրոնում Անի Համբարձումյանը և նրա թիմը կատարեցին ամուսնուս աչքի կատարակտի վիրահատությունը։ Նա ասում է, որ ամեն անգամ, երբ մտնում է թիվ 1 հիվանդանոցային համալիր, իրեն այնպիսի ջերմությամբ պատված է զգում, կարծես հարազատների հետ է հանդիպում։ Ինչ վերաբերում է Իզմիրլյան բժշկական կենտրոնին՝ ես ճիշտ բառեր չեմ գտնում. ամեն ինչ միշտ բարձր մակարդակի վրա է։ Անչափ երախտապարտ ենք Իզմիրլյան բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին և այլ բժշկական հաստատությունների բոլոր բժիշկներին»,— ասում է տիկին Նելլին։

Իրոք, բարի սրտով մարդկանց հետ հանդիպումներն օգնել են ընտանիքին հաղթահարելու իրենց ծանր հոգեբանական վիճակը։ Սակայն կորստի ցավը մնում է։

«Իմ հոգին թողել եմ Արցախում՝ հարազատներիս գերեզմանները, պատերազմում զոհված և այդ հողում հանգչող բոլոր երիտասարդների հանգրվանները։ Ես արդեն ապրել եմ իմ կյանքը, բայց վստահ չեմ՝ որդիներս երբևէ իրենց տեղը կգտնե՞ն այստեղ։ Դժվարանում եմ լավատես մնալ։ Առայժմ շարունակում ենք ապրել հիշողություններով՝ մեր կառուցած տան հիշողություններով»,— ասում է տիկին Նելլին։