
Իզմիրլյան հիմնադրամն ընդլայնում է քաղցկեղով հիվանդ խոցելի երեխաների բուժօգնությունը Հայաստանում
Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում

Ավելի քան մեկ տարի է՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի դպրոցը, որտեղ սովորում է 76 աշակերտ, ուսումնական գործընթացներում կիրառում է նոր մոտեցումներ և նախաձեռնություններ։ Որպես «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Ազգակերտներ» ծրագրի դոնոր՝ Իզմիրլյան հիմնադրամն աջակցել է այս սահմանամերձ գյուղի դպրոցին՝ հնարավոր դարձնելով, որ դպրոցն ունենա ոչ միայն տարրական դասարանների ուսուցիչ-առաջնորդ, այլև դպրոցական սարքավորումների փաթեթ և դրամաշնորհ՝ աշակերտների նորարարական նախագծերի իրականացման համար։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի զարգացման ղեկավար Վիկտորյա Աղաբեկյանը նշում է, որ Իզմիրլյան հիմնադրամի հետ իրենց համագործակցությունը երկարամյա պատմություն ունի։ 2022 թվականից այս գործընկերությունն ավելի է ամրապնդվել՝ հիմնադրամը դարձել է «Ազգակերտներ» ծրագրի հովանավոր։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Ազգակերտներ» ծրագիրը հնարավորություն է ամբողջ աշխարհի նվիրված մարդկանց համար՝ կրթության միջոցով ներդրում կատարելու Հայաստանի զարգացման մեջ։ Ծրագրի միջոցով դոնորները հովանավորում են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի դպրոցական համայնքը և ստանում ներգրավվածության եզակի փորձառություն։
Հայաստանում խորանում է ճգնաժամը կրթության ոլորտում, հատկապես հանրակրթությունում, ինչը դրսևորվում է ակադեմիական գիտելիքի անկմամբ և ուսուցչական թափուր հաստիքների աճող թվով։ Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալների՝ տարեկան առկա է 600-700 թափուր հաստիք, ընդ որում՝ գյուղական համայնքներում ուսուցիչների թափուր հաստիքների ցուցանիշներն առանձնապես բարձր են։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հիմնադրվել է 2013 թվականին՝ ի պատասխան այս մարտահրավերների՝ նպատակ ունենալով բոլոր երեխաների համար ստեղծել կրթական հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակից կամ աշխարհագրական դիրքից։
«Մեր հիմնական ուշադրությունն ուղղված էր ուսուցչական առաջնորդության ծրագրին, որը 2021 թվականին հիմք դրեց «Ազգակերտներ» ծրագրին։ Դա դպրոցի երկամյա հովանավորության նախաձեռնություն է, որը թույլ է տալիս աշխարհի տարբեր ծայրերից կազմակերպություններին և անհատներին ներդրում կատարել Հայաստանի կրթության ոլորտում՝ դրանով իսկ նպաստելով երկրի զարգացմանն ու առաջընթացին»,— բացատրում է Վիկտորյա Աղաբեկյանը։
«Nation-Builders» ծրագրի շահառուներն են Հայաստանի 10 մարզերի բոլոր այն դպրոցները, որոնք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործընկերներն են։
«Ծրագրի միջոցով մենք հնարավորություն ենք տալիս կրթության մեջ ներդրում կատարելով հետաքրքրված անհատներին կամ կազմակերպություններին ֆինանսավորելու մեկ դպրոց։ Հովանավորը երկամյա ծրագրի համար նվիրաբերում է 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որն օգտագործվում է ուսուցիչ-առաջնորդներ ներգրավելու, գտնելու և վերապատրաստելու համար, ովքեր տեղավորվում են այն համայնքներում, որտեղ ապրելու և աշխատելու են»,— բացատրում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի զարգացման ղեկավարը։
Ըստ նրա՝ ծրագրի դոնորներն ու հովանավորները ամուր կապեր են ձևավորում համայնքների հետ։ Համագործակցության երկու տարիների ընթացքում նրանց համար կազմակերպվում են այցեր համայնքներ։ Այս այցերը հովանավորներին, հատկապես սփյուռքից նրանց, ովքեր կարող են ծանոթ չլինել Հայաստանի համայնքներին, հնարավորություն են տալիս յուրովի բացահայտելու այստեղի ներուժը։
«Ազգակերտներ» ծրագրի անուղղակի ազդեցության վերաբերյալ Վիկտորյա Աղաբեկյանն ընդգծում է, որ այն բարեփոխում է ոչ միայն տվյալ դասարանն ու դպրոցը, այլև ողջ համայնքը։ «Մեզ համար կարևոր է ոչ միայն լրացնել ուսուցիչների թափուր հաստիքները և ապահովել որակյալ կրթություն, այլև մեր դասավանդման մոտեցման միջոցով փոփոխություններ բերել համայնքում։ Մեր ուսուցիչներն աշխատում են աշակերտների հետ, ովքեր ուսումնասիրում են իրենց համայնքը, դրա ուժեղ ու թույլ կողմերը, բացահայտում են համայնքի առջև ծառացած խնդիրները և փորձում կազմել նախագծեր ու ներկայացնել դրանք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին՝ ֆինանսավորման և իրականացման համար։ Ամեն տարի ընտրվում է 30 ամենաուժեղ նախագիծ՝ համայնքներում իրականացնելու համար»։
«Այս ծրագրի շրջանակում դպրոցներին աջակցելու լավագույն օրինակներից է Իզմիրլյան հիմնադրամի կողմից Չինարիի միջնակարգ դպրոցի հովանավորությունը։ Հիմնադրամը՝ մեր հավատարիմ գործընկերներից մեկը, տրամադրեց ֆինանսավորում, որը թույլ տվեց մեզ ֆինանսավորել, վերապատրաստել և ուղարկել մեր ուսուցիչ-առաջնորդին՝ տարրական դասարանների աշակերտներին դասավանդելու»,— ասում է Վիկտորյան։
Չինարիի դպրոցն այս ծրագրի շրջանակում արդեն ընդունել է իր երրորդ ուսուցիչ-առաջնորդին։ Դպրոցի տնօրեն Էլիզա Բիլյանն ասում է. ««Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հսկայական օգնություն է եղել մեզ համար։ Այն ոչ միայն լուծել է ուսուցիչների պակասի հարցը, այլև նոր կյանք ու եռանդ է բերել աշակերտներին, դպրոցին և համայնքին։ Փոխվել է երեխաների շփվելու ձևը. նրանք դարձել են ավելի բացահայտ խոսող և ինքնավստահ»։
Տնօրենը պատմում է, որ ծրագրով դպրոց ուղարկված առաջին ուսուցչուհին այնքան սիրեց համայնքը և այնքան սիրվեց համայնքի կողմից, որ որոշեց չհեռանալ գյուղից։ Նա ամուսնացավ և ընդմիշտ հաստատվեց այնտեղ։
Էլիզա Ամիրխանյանը՝ նրան փոխարինած մեր երկրորդ ուսուցիչ-առաջնորդը, ոչ միայն դասեր էր վարում, այլև դպրոցում հիմնեց մենթալ թվաբանության և տիկնիկային թատրոնի արտադասարանական խմբակներ։ Երկու խմբակներն էլ մեծ ժողովրդականություն էին վայելում աշակերտների շրջանում։ Մենթալ թվաբանության խմբակի աշակերտները մասնակցեցին մրցույթի և գրավեցին առաջին տեղը, իսկ տիկնիկային թատրոնի աշակերտները ոչ միայն ձևավորումներ պատրաստեցին դպրոցի բեմի համար, այլև իրենց տիկնիկային ներկայացումներով շրջագայեցին մոտակա համայնքների դպրոցներում։
Նելլի Հովհաննիսյանը ևս մեկ ուսուցիչ-առաջնորդ է, ով վեց ամիս առաջ ուղարկվել է Չինարիի դպրոց։ Նելլին Գյումրիից է և երբեք չէր եղել Չինարիում։ Նա ասում է, որ գյուղը տեսել էր միայն հեռուստացույցով։
«Ես «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասին իմացել եմ դեռ ուսանողական տարիներին՝ 2019-2020 թվականներին, բայց դրանից էլ առաջ արդեն որոշել էի, որ բուհն ավարտելուց հետո անպայման աշխատելու եմ գյուղական համայնքի դպրոցում։ Բուհ ընդունվելուց առաջ զբաղվում էի տարբեր կամավորական աշխատանքներով։ Մի անգամ տիկնիկային ներկայացում ներկայացրինք Շիրակի սահմանամերձ գյուղերից մեկի դպրոցում։ Հենց այդ ժամանակ իմացա ոչ միայն դպրոցում ուսուցիչների պակասի խնդրի մասին, այլև այն, որ երեխաներն առաջին անգամ էին տիկնիկային ներկայացում տեսնում։ Այս փորձառությունը հետք թողեց իմ մեջ և ոգեշնչեց ընտրելու ուսուցչի մասնագիտությունը և դասավանդելու համայնքում։ Երևի դա քաղաքացիական պատասխանատվության զգացում էր»,– ասում է Նելլին։
Բուհն ավարտելուց հետո Նելլին պետք է որոշեր՝ շարունակել ուսումը մագիստրատուրայում, թե դիմել «Դասավանդի՛ր, Հայաստան»։ Այժմ նա Չինարիում է։ «Համայնք ուղարկվելուց առաջ մենք անցանք առցանց դասընթացների և վերապատրաստումների մի քանի փուլ։ Միայն վերջում իմացանք, թե ով որ համայնք է ուղարկվելու։ Երբ իմացա, զանգահարեցի մորս և ասացի՝ Չինարի գյուղ, Տավուշի մարզ։ Երբեք չեմ մոռանա նրա արձագանքը՝ «Նելլի, էլի ի՞նչ ես գլխներիս բերելու։ Դու գոնե գիտե՞ս, թե այդ գյուղն որտեղ է»։ Իրականում ոչ միայն դու, այլև քո ընտանիքը պետք է պատրաստ լինի այն որոշմանը, որ դու երկու տարի ապրելու և աշխատելու ես բոլորովին այլ միջավայրում»։
Ուսուցչուհին ասում է, որ հեշտությամբ է հարմարվել համայնքային կյանքին և կենցաղային պայմաններին։
«Սա իմ որոշումն է։ Այս ծրագիրը փոփոխություն է բերում դպրոցի, աշակերտների և համայնքի, ինչպես նաև մեր իսկ կյանքում՝ օգնելով մեզ աճել թե՛ անձնապես, թե՛ մասնագիտորեն։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործածում է շատ տեղին մի եզրույթ՝ ուսուցիչ-առաջնորդ, ինչը ենթադրում է, որ երեխաների ակադեմիական գիտելիքները բարելավելուն զուգահեռ մենք զարգացնում ենք նաև նրանց առաջնորդական կարողությունները, օգնում ենք ճանաչել իրենց հույզերն ու զգացմունքները, բացահայտել իրենք իրենց ու իրենց ներուժը և անդրադառնալ համայնքային խնդիրներին։ Օրինակ՝ չորրորդ դասարանցիների հետ «Ես և շրջակա միջավայրը» դասին առողջության թեման ուսումնասիրելիս քննարկեցինք համայնքում ծխախոտի, էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլի չափազանց մեծ սպառման խնդիրը, որը վնասում է մարդկանց առողջությանը։ Այժմ աշակերտների հետ նախաձեռնել ենք համայնքային ծրագիր, նկարահանել ենք կարճամետրաժ ֆիլմ, կազմել ենք բյուջեն և ներկայացրել ֆինանսավորման»,— ասում է ուսուցչուհին։ Նա նշում է, որ նման ծրագրերը մեծ հնարավորություն են համայնքներում ապրող երեխաների համար։
Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ ուսուցիչ-առաջնորդներ են գործուղվել նաև Արմավիրի մարզի Վանանդ, Լոռու մարզի Լորուտ, Արցախի Առաջաձոր, ինչպես նաև Տավուշի մարզի Նորաշեն և Չորաթան համայնքների դպրոցներ։

Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում
Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ վերաբացվել է ԵՊՀ գրադարանի առաջին հարկը

Հատուկ կարիքներով երեխաների համար սպորտի և ֆիզիկական ակտիվության հասանելիության ապահովում